Posted in Պատմություն 9

Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը․

ա/ Սարդարապատի ճակատամարտը:

անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին:

Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային, պարտիզանական հետևակային, Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ գնդերը Քյորփալուից (այժմ՝ գ. Արշալույս) և Ղուրդուղլուից (այժմ՝ գ. Արմավիր) անցել են հարձակման, Ղամշլու (այժմ՝ գ. Եղեգնուտ) գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան:

Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները:

Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:

բ/ Բաշ Ապարանի ճակատամարտը:

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: 

Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ): Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:

Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:

գ/ Ղարաքիլիսայի հերոսամարտը:

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (այժմ՝ Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը՝ Ջավադ Բեյի հրամանատարությամբ՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ (այժմ՝ Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (այժմ՝ Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ): Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:

Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան: 

Posted in Պատմություն 9

Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը

ա/ «Ցեղասպանություն» հասկացությունը։

Ցեղասպանությունը զանգվածային բռնության ձև է, որը սահմանվում է որպես գործողություններ, որոնք կատարվել են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրությամբ։

բ/ Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը։

Ինչպես 1878 թ. Պոլսո Հայոց Պատրիարք Ներսես Բ Վարժապետյանն էր ներկայացնում եվրոպական պետությունների ներկայացուցիչներին՝ Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչությունը, որը գերազանցապես ապրում էր համատարած «հողազրկության, կանանց եւ երեխաների բռնի իսլամացման, հարստահարության, բռնաբարությունների եւ մարդասպանության» մթնոլորտում, պաշտպանության լուրջ կարիք ուներ։ Այդ տարիներին եվրոպական հզոր երկրները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, շարունակաբար ուժգնացող ճնշումներ էին գործադրում Օսմանյան կայսրության վրա՝ քրիստոնյա փոքրամասնությունների դրությունը բարելավելու պահանջով։

1878 թ. հունիսին ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո, Օսմանյան կայսրությունն ու եվրոպական ուժերը կնքեցին Բեռլինի դաշնագիրը, որի 61-րդ հոդվածի համաձայն՝ Բարձր Դուռը (Օսմանյան կայսրության կենտրոնական ղեկավարությունը) պարտավորվում էր կյանքի կոչել հայության պահանջած բարենորոգումները հայերի բնակության նահանգներում եւ երաշխավորել նրանց անվտանգությունը։

Եվրոպայի պահանջով բարենորոգումներն իրականացնելու փոխարեն, Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ը նախաձեռնեց հայ ազգաբնակչության զանգվածային կոտորած։ Առաջինը խոշոր հարձակման ենթարկվեց Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառի (ներկայիս Թուրքիայի մոտավորապես Բաթմանի նահանգի Սասոնի գավառ) հայությունը, որի դիմադրությունը կոտրելով՝ թուրքական բանակն սպանեց 10,000 մարդու։ Սասունը հիմնահատակ ավերվեց, 40 գյուղ հողին հավասարեցվեց։ 1895 թ. սեպտեմբերին ջարդեր սկսվեցին Կոստանդնուպոլսում (ներկայիս Ստամբուլ), ապա՝ Տրապիզոնում, Երզնկայում (Էրզինջան), Մարաշում (Քահրամանմարաշ), Սեբաստիայում (Սվազ), Էրզրումում, Դիարբեքիրում, Բայազետում, Խարբերդում (Էլազըղ) եւ հայաշատ բազմաթիվ այլ վայրերում։ Ջարդերը գերազանցապես իրականացվում էին Աբդուլ Համիդ II-ի կողմից հատուկ ստեղծված Համիդիե անկանոն հեծելագնդերի կողմից։

1896 թ. բռնությունները տարածվեցին մինչեւ Ուրֆա (Շանլըուրֆա), Շապին-Կարահիսար, Ամասիա, Մուշ, Մարզվան (Մերզիֆոն) եւ այլ քաղաքներ ու գավառներ՝ խլելով ընդհանուր առմամբ 300,000 հայի կյանք։ Մոտ 100,000 հայ բռնությամբ իսլամացվեց, իսկ մոտ 100,000 հայ էլ՝ արտաքսվեց հայրենի երկրից։

Հուլիսի 23-ին Օսմանյան բանակի սպայակազմը հաջողությամբ ռազմական հեղաշրջում կատարեց՝ գահից զրկելով «Արյունոտ սուլթան» Աբդուլ Համիդին։ Այս իրադարձությունը մեծ ոգեւություն առաջացրեց հայության շրջանում եւ հույս արթնացրեց, որ երիտթուրքերի եւ նրանց «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության («Իթիհաթ վե Թերաքքը») իշխանության օրոք ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ավելի բարվոք հիմքերի վրա կդրվի, քանի որ նրանք իբրեւ թե ընդունել էին ֆրանսիական հեղափոխության «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսները։ Հեղաշրջումից շատ չանցած վերականգնվեց օսմանյան սահմանադրությունը, ինչին հետեւեց խորհրդարանական ընտրությունների մի քանի փուլ։ Հայոց ցեղասպանության նախօրեին հայերն ինը պատգամավոր ունեին եւ ձեւականորեն ավելի լայն քաղաքացիական ազատություններ էին վայելում։

Երիտթուրքերի հեղաշրջումից ընդամենը մեկ տարի անց Կիլիկիայի Ադանա քաղաքում թուրք ազգայնականների կողմից կազմակերպված ու հրահրված ամբոխը հայ ազգաբնակչության դեմ մեծ կոտորած ձեռնարկեց։ Թուրքական կանոնավոր բանակը միայն մի քանի օր անց միջամտեց դեպքերին։ Բռնություններն ու ջարդերը Ադանայից տարածվեցին՝ ընդգրկելով Մարաշից (ներկայիս Քահրամանամարաշ) մինչեւ Քեսաբ (այժմ՝ հյուսիս-արեւմտյան Սիրիայում) ընկած բոլոր հայաբնակ վայրերը։ Որոշ տեղերում հայերը կարողացան ինքնապաշտպանվել եւ ողջ մնալ։ Ջարդերն ընթացան մեկ ամիս շարունակ՝ խլելով ավելի քան 30,000 հայի կյանք։ Ի սկզբանե աջակցելով երիտթուրքերի հեղաշրջմանը՝ հայերն սկսեցին թերահավատորեն ու երկյուղով վերաբերել այս նոր, պրոտոֆաշիստական ռեժիմին։

Երիտթուրքերի՝ ցեղասպանության միջոցով «Հայկական հարցը» լուծելու որոշումը պաշտոնապես ընդունվել էր դեռեւս 1910-ականների սկզբին, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության բազմաթիվ գաղտնի նիստերի ընթացքում։ Թուրքիայի արեւելյան նահանգների կրթված, տնտեսականորեն կազմակերպված եւ քիչ թե շատ հոծ բնակվող փոքրամասնությունն սկսեց ընկալվել իբրեւ սպառնալիք, քանի որ հնարավորություն էր ընձեռում եվրոպական ուժերին միջամտելու Օսմանյան կայսրության ներքին գործերին։

Այդ իմաստով շրջադարձային էր 1911 թ. Սալոնիկի համաժողովը, քանի որ դրանում կայացված որոշումները երիտթուրքերի կողմից ընդունվեցին իբրեւ պաշտոնական ռազմավարություն։ Որոշվեց թրքացնել կայսրության ոչ թուրք բնակչությանը, ինչը մեծապես ազդելու էր առաջին հերթին հայերի վրա։ Աստիճանաբար, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղար եւ 1913-1918 թվականներին Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ գաղտնի հրամանագրեր ուղարկվեցին կայսրության տեղական կառավարման մարմիններին՝ ընթացքի մեջ դնելով հայ բնակչության բնաջնջման մեքենան։

Պետական հեղաշրջման արդյունքում պետական կառավարումն ամբողջությամբ կենտրոնացավ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ձեռքում։ «Ղեկավար եռյակը», որի թվում էին ներքին գործերի նախարար Թալեաթը, ռազմական նախարար Էնվերը եւ ծովային նախարար Ջեմալը, դարձավ Օսմանյան կայսրության դե ֆակտո ղեկավարը։

1912-14 թթ. բանակցությունների ընթացքում եվրոպական առաջատար պետությունների կողմից կազմվեց եւ ներկայացվեց Հայկական բարենորոգումների փաթեթը, որը ստորագրվեց Օսմանյան կայսրության (ներկայացուցիչ՝ Մեծ վեզիր Սայիդ Հալիմ փաշա) եւ Ռուսաստանի միջեւ։ Փաթեթով նախատեսված էր արեւելյան վեց վիլայեթներից (Արեւմտյան Հայաստան) կազմել երկու մեծ նահանգ՝ եվրոպացի ընդհանուր տեսուչների վերահսկողության ներքո, որոնց հանձնարարված էր հայ բնակչության խնդիրների սպասարկումը։

Պատերազմի մեկնարկին նրանցից առաջինը՝ Նորվեգիայի ներկայացուցիչ Մայոր Հոֆը Վանում էր, իսկ երկրորդը՝ Հոլանդիայի ներկայացուցիչ Լուիս Վեսթենենքը պատրաստվում էր զբաղեցնել իր պաշտոնը Էրզրումում։ Հայկական բարենորոգումների փաթեթն ի վերջո չեղյալ հայտարարվեց 1914 թ. դեկտեմբերի 16-ին, երբ Օսմանյան կայսրությունն արդեն մուտք էր գործել Առաջին համաշխարհային պատերազմ։

Օսմանյան կայսրությունը միանալով Առաջին համաշխարհային պատերազմին՝ համագործակցեց Եռյակ դաշինքին (Գերմանական կայսրություն, Ավստրո-Հունգարիա եւ Բուլղարիա) ընդդեմ Անտանտի (Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դաշինք, որին հետզհետե միացան Իտալիան, Ճապոնիան, Միացյալ Նահանգները, Ռումինիան, Հունաստանը եւ այլ երկրներ)։

գ/ Մեծ եղեռնը:
դ/ Մեծ եղեռնի հետևանքները /

Աղբյուրներ՝
https://auroraprize.com/ru/armenian-genocide-glance։

http://genocide-museum.am/rus/armenian_genocide.php

Posted in Պատմություն 9

Թեմա 23. 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմը և արևելահայությունը

Իրանը չհաշտվեց Այսրկովկասում ունեցած կորուստների հետ և պատրաստվում էր նոր պատերազմի։ 1826թ. հուլիսին Աբաս-Միրզայի 60-հազարանոց բանակը, խաատելով Գյուլիստանի պայմանագիրը ներխուժեց Արցախ։ Պարսկական զորքերը հուլիսի 26-ին պաշարեցին Շուշիի բերդը։ Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության։ Շուշիի պաշտպանությունը տևեց 17 օր և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար։ Երևանի զորքերը Շիրակ ներխուժեցին։ Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության։ 1826թ. սեպտեմբերի 3-ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ.Մադաթովի 2-հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10-հազարանոց զորամասը։ Մարտի դաշտում թողնելով մեծ ավար ՝ հակառակորդը դիմեց փախուստի։ Սեպտեմբերի 13-ին Գանձակի մոտ տեղի ունեցած ավելի մեծ ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս — Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից։ Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը։ 1827թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական 1-ին ջոկատը 100 հոգանոց մարդկանցից կազմված։ Արցախում և այլ վայրերում կազմակերպվեցին կամավորական գումարտակներ ՝ ազգային դրոշներով և հրամանատարերով։ 1827թ. գարնանից ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի սահմաններում։ Հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու խոսքերով ՝ մոտենում էր Արարատյան աշխարհի և հայ ժողովրդի ազատագրության ժամը։ Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827թ. օգոստոսի 17-ին Օշականի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Ռուսական կողմը կորուստներ ունեցավ։ 1827թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, հետո պաշարեցին Երևանը։ Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժվեց։ 1827թ. հոկտեմբերի 1-ին առավոտյան ռուսական զորքերը և հայ կամավորները բերդ մտան։ Երևանի գրավումը վճռեց պատերազմի ելքը։ 1827թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ։ Տեղի հայերը աղ ու հացով դիմավորեցին նրանց։ 1827թ. վերջերին և 1828թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Ուրմիան, Սալմաստը և շարժվեցին Իրանի մայրաքաղաք Թեհրան։

Posted in Պատմություն 9

Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Արցախում

18-րդ դարասկզբին Իրանը հայտնվել էր չափազանց ծանր դրության մեջ։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Ապստամբած աֆղաններին հաջողվեց 1722թ. գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Իրավիճակից շտապեց օգտվել դեպի հարավ ՝ մերձկասպյան տարածքներին տիրանալ ձգտող Ռուսաստանը։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով կայսր Պետրոս 1-ը 1722թ. արշավանք կազմակերպեց դեպի Իրան։ Ռուսաց կայսրի արշավանքի լուրը մեծ ոգևորություն առաջացրեց հայ գործիչների շրջանում։ Արցախի մելիքները այդ ժամանակ կազմակերպել էին 12000 — անոց զորք։ Դրանից 10000-ը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի ցուցումով մեկնեց Գանձակի մոտակա Չոլակ վայրը ՝ սպասելու ռուսական զորքի գալուն։ Հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ երկրամասի ինքնապաշտպանությանը։ Ազատագրական պայքարին օժանդակելու նպատակով Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հարյուրապետերը ՝ իրենց համախոհներով։ Գյուլիստանում, Շուշիում, Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլխում և այլ վայրերում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ ՝ սղնախներ։ 1723թ. հունիսին թուրքական զորքերը գջզավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ։ Ռուս-թուրքական մրցակցությունը այդ ժամանակ հանգուցալուծվեց 1724թ. հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով։ Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսսաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև։ Վրաստանը և Արևելյան Հայաստանը ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրության տնօրինությանը։ Ռուսաստանը այլևս չէր կարող օգնության հասնել հայկական ուժերին, որոնք հակառակ թուրքերի պահանջներին, շարունակում էին զինված պայքարը։ Թուրքական զորքերը 1724թ. գարնանը ներխուժելով Արարատյան դաշտ սկսում են ավերել հայկական բնակավայրերը։ Կարբի գյուղի ոնակիչները 40 օրվա համառ դիմադրությունից հետո միայն վայր դրեցին զենքը, երբ թշնամին խոստացավ չմտնել իրենց բնակավայրը։ Հունիսի 7-ին թուրքական զորքը պաշարեց Երևանը։ Պաշտպանության համար ոտքի կանգնեց նաև մերձակա հայկական գյուղերի բնակչությունը։

Հակառակորդի գրոհները մատնվում էին անհաջողության։ Պարենի ու զինամթերքի սպառման պատճառով 1724թ. սեպտեմբերի 26-ին Երևանը անձնատուր եղավ։ Թուրքերի կորուստը կազմեց շուրջ 20000 մարդ։ Երևանի պաշտպանությունը ցույց տվեց հայ ժողովրդի ազատասիրության բարձր ոգին։ Դրա շնորհիվ կասեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը Արցախին ՝ հնարավորություն տալով տեղի ուժերին ժամանակ շահելու և նախապատրաստվելու ահեղ մարտերին։ Արցախի ազատագրական ուժերը 1724թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ Համագործակցելու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխանություններին։ Հուսադրող էր ազգային գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից ՝ ազատագրական պայքարին օժանդակելու խոստումներով։ 1725թ. մարտին թուրքական երեք զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ։ Կորուստներից խուսափելու համար մելիքները դիմեցին հնարամտության։ Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկական գյուղերում ՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց։ Այս հաղթական գործողությունը բարձրացրեց հայերի ինքնավստահությունը և մարտունակությունը։ Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուրքական հաջորդ հարձակումը։ 1726թ. Օսմանյան զինուժի ՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան։ Ութօրյա մարտերում տալով մոտ 800 զոհ ՝ թուրքերը նահանջեցին Գանձակ։ Չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը և ցանկանալով կանխել հետագա արյունահեղությունը ՝ հայկական ուժերի մի մասը դադարեցրեց պայքարը։ 1728թ. մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Հաջորդ տարի Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ հայ զինվորականության մի մասը տեղափոխվեց ռուսաստանյան բանակ ՝ մտնելով նորաստեղծ «Հայկական էսկադրոնի» կազմը։ Սակայն 1729-1731թթ. թուրքական նվաճողների դեմ շարունակում էր պայքարել Գյուլիստանի սղնախը ՝ Աբրահամ սպարապետի գլխավորությամբ։ Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար ՝ հավատ ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ։

Սյունիքում

Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին։ Անհանգստացնող հանգամանք էր նաև այնտեղ պարսկամետ ուժերի ազդեցությունը։ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրոսակախմբերի հետ։ Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին։ Հայաստան ուղարկված հայ զինվորականները Դավիթ բեկի գլխավորությամբ 1722թ. հասան Սյունիք և հաստատվեցին Շինուհայր ավանում։ Շուտով նրանց շուրջ համախմբվեցին տեղի զինվորական ուժերը։ Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը։ Առաջին լուրջ հարվածը 1722թ. աշնանը հասցվեց Ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին։ Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բեկին։ Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ հավատուրաց մելիք Բաղրին ենթակա ՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը։ Դավիթ բեկի պահանջով Բաղրին գլխատեցին։ Այս իրադարձություններից հետո Տաթևը դարձավ Դավիթ բեկի նստավայրը։ Շրջակա մահմեդական տիրակալների դեմ վճռական ՝ հաղթական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ։ Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի և Որոտանի բերդերի ազատագրումը։ Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասը ազատագրել։ Դավիթ բեկի գլխավորությամբ 1724թ. ստեղծվեց Կապանի Մեծ իշխանությունը, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։ Ահագնացող օամանյան վտանգը պարսից Թահմասպ 2-րդ շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը։ Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու և ապա դաշինք կնքեց նրա հետ: Նա կոչ արեց շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռամական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական: 1727թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ Մխիթարի և տեր Ավետիսի գլխավորությամբ աննկատ դուրս եկան բերդից: Նրանք հանկարծակի հարվածեցին թշնամուն և խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Այն ամրացրեց զորքի և բնակչության վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նոր թափ հաղորդեց զինված պայքարին: Հայկական զինուժը հետապնդելով թշնամուն ազատագրեց Մեղրին: Հալիձորի և Մեղրու հաղթանակները ամրապնդեցին հայոց պետականությունը Սյունիքում:

Posted in Պատմություն 9

Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.

ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի

Էջմիածնի եկեղեցական ժողով 1677 գաղտնիխորհրդաժողովներ Հայաստանը  պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու ուղիներ գտնելու նպատակով։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերևարությունները ու արտագաղթները հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։ Ազատագրական շարժման կազմակերպման գործն ստանձնել է Հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոսներն ու հոգևորականները փութաջանորեն մասնակցել են շարժման գաղափարախոսության մշակմանը և անձամբ գլխավորել քաղաքական բանակցությունները Արևմուտքի երկրների հետ։

Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ Էջմիածնի բանակցությունները կաթոլիկ Արևմուտքի հետ վերսկսվել են: 17-րդ դարի 2-րդ կեսին՝ Հակոբ Դ. Ջուղայեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ։ 1662 թվականին նա Հռոմ է ուղարկել Նախիջևանի թեմի առաջնորդ Առաքել Վարդապետ Բոպիկ Շոռոթեցուն, որը բանակցություններ է վարել պապական շրջանակների հետ։ Հատուկ աղերսագրով դիմել է նաև Ռուսաց Ալեքսեյ Միխայլովիչ թագավորին։ Հայկական գրատպության գործը խթանելու նպատակով Արևմտյան Եվրոպա է ուղարկել  Վոսկան Վարդապետ Երևանցու, Մատթեոս վարդապետ Վանանդեցուն և այլոց։ Նրանք նաև հանձնարարականներ են ունեցել այդտեղ նպաստավոր կարծիք ստեղծելու Հայաստանի ազատագրության խնդրի շուրջ և հող նախապատրաստելու հայ-արևմտաեվրոպական քաղաքական ու կրոնական բանակցությունների համար։ Այդ ակնկալությամբ նամակագրական կապ է հաստատվել Ալեքսանդր VII պապի, Ավստրիայի Լեոպորդ I կայսրի և այլոց հետ։

Իսարել Օրին շատ մեծ դեր է ունեցել Հայաստանի ազատագրական պայքարի գործում: Օրին հասկանալով, որ Հայաստանն ազատագրելու անհաջող փորձը կարող է վտանգավոր կացություն ստեղծել հայ ժողովրդի համար՝ ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալիցիան, փորձել հայ ժողովրդի ազատագրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից։ Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստատել Մոսկվա ապաստանած Իմերեթի թագավոր Արշիլ II–ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ։ Ծրագիրը ռուսական կառավարությանն է ներկայացվել 1701 թվականի հուլիսի 25–ին։ Հոկտեմբերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702 թվականի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնդրով կզբաղվի միայն Հյուսիսային պատերազմիցհետո։ 1703 թվականին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությունն է ներկայացվել նաև Հայաստանի քարտեզը:

Posted in Պատմություն 9

Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք

  • Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ

Աբաս թագավորին փոխարինեց իր որդին ՝ Աշոտ 3-ը։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ 961թ. Աշոտ 3-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով։ Նոր մայրաքաղաքն աշխարհագրական նպաստավոր տարածքում էր։ Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը, դարձնում այն անառիկ, իսկ առևտրական ճանապարհների վրա գտնվելու հանգամանքը նպաստեց քաղաքի արագ բարձրացմանը։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից ՝ Սանահինի և Հաղպատի վանքերը։ Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ։ Աշոտ Ողորմածը 963-964թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքը ընդարձակվելու հնարավորություն չուներ։

Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ 2-րդ Տիեզերակալ թագավորի օրոք։ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Սմբատ 2-ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլև 987թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը։

Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ 1-ի օրոք։ Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի ՝ արքայից արքայի ՝ մյուս թագավորները իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում էր թագավորի կարգադրությամբ։ 1001թ. Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթը ապստամբեց Գագիկ 1-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։ Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները։ Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի ՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի ՝ Կատրամիդեն էր ՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեց նաևԱնիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս տաճարների հեղինահի հռչակվեց ճարտարապետ Տրդատը։ Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան Պահլավունիները։ Վահրամ Պահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին։ Արագածի լանջին Պահլավունիների հիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը։ Ախուրյան ձախ ափին նրանք կառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին։

Posted in Պատմություն 9

Թեմա 15. Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն

  • Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Կրթություն ստանալով Տարոնում ՝ նա մեկնում է Վաղարշապատ և Խոսրով 4-ի արքունիքում անցնում է զոնվորական ծառայության։ Մաշտոցը հիանալի տիրապետելով մայրենի լեզվին, հունարենին, ասորերենին, միաժամանակ աշխատում է արքունի դպիրների խմբում։ Մաշտոցը գնում է Նախիջևանին հարևան Գողթան գավառը և զբաղվում քրիստոնեական քարոզչությամբ։ Նա մտածում է Աստվածաշնչի հայերեն գրավոր թարգմանության շուրջ։ Մեսրոպ Մաշտոցը Գողթան գավառից վերադառնում է Վաղարշապատ։ Հայ գրեր ունենալու իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում է նրա հավանությունը։ Գումարվում է եկեղեցական ժողով։ Որոշվում է «հայ ազգի համար նշանագրեր գտնել»։ Վռամ Շապուհ արքան նույնպես, պետական անհրաժեշտության համարելով այդ գործը և խնդրին շուտափույթ լուծում տալու համար աջակցում է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին։ Վռամ Շապուհի կարգադրությամբ Մաշտոցը նշանագրեր ստեղծելու նպատակով մի խումբ աշակերտների հետ մեկնում է Եդեսիա։ Եդեսիայում Մաշտոցը 405թ. ստեղծում է Հայոց Այբուբենը։ Հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն Աստվածաշնչից էր . «Ճանաչել զիմաստութիւուն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Մեծ Հայքին վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին դիմավորում ենՎռամշապուհ արքան, Սահակ Պարթևը, կաթողիկոսը, նախարարները, ժողովրդի բազմությունը և ուղեկցում են մայրաքաղաք։

  • Ոսկեդարյան գրականություն

5-րդ դարում ստեղծվեց և մեծ վերելք ապրեց հայ պատմագրությունը։ Հայ դասական պատմագրության սյունը Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունն է» , որը ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 440թ: Մովսես Խորենացին իր դարաշրջանի հայ պատմիչներից առաջինն էր, ով ամբողչական շարադրեց հայոց պատմությունը։ Նա պատմության մեջ մնացել է Մեծն Քերթող և Պատմահայր անուններով։ Կորյուն վարդապետը գրել է «Վարք Մաշտոցի» երկը, որը նվիրել է իր ուսուցչի ՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը։ Ագաթանգեղոսի «Հայոց Պատմությունը» նվիրված է Ս.Գրիգորի և Տրդատ Մեծ թագավորի կյանքին ու գործունեությանը: Փավստոս Բյուզանդի «Հայոց Պատմությունը» ընդգրկում է Հայոց աշխարհի 4-րդ դարի սկզբից մինչև 385-387թթ ընդգրկող պատմությունը։ 5-րդ դարի կեսերից հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը նկարագրված է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի» մասին ու Ղազար Փարպեցու «Հայոց Պատմություն» երկերում։ Եղիշեի երկը նվիրված է Վարդան Մամիկոնյանի գլխավորած հզոր ապստամբությունը, իսկ Ղազար Փարպեցին մանրամասն ներկայացրել է Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությունը։ 6-րդ դարում մինչև 661թ. իրադարձությունները նկարագրված են Սեբեոսի «Պատմությունում»։ Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձրել հայ ժողովրդի ազատագրական պայքարին և հայոց ամբողջական ու անկախ պետության վերականգման ուղղված հայ գործիչների ջանքերին։ Մովսես Կաղականտվացին իր «Աղվանից աշխարհի պատմությունում» գրել է Հայոց Արևելից կողմանց ՝ Արցախ և Ուտիք աշխարհների մասին։ 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը իր «Պատմություն» երկում նկարագրել է հայ ժողովրդի ծանր վիճակը և հերոսական պայքարն արաբական տիրապետության դեմ։

Posted in Պատմություն 9

Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն:

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն։ Քրիստոնեության ընդունումը Հայաստանում օգնեց, որպեսզի զարգանա նաև տնտեսությունը:

Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը Գողթն գավառում տեղի իշխանի և իշխանուհու խնդրանքով հիմնադրել է եկեղեցի, իսկ Սուրբ Թադեոս առաքյալը եպիսկոպոսական աթոռ է հիմնել Արտազում։

Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Միջին Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից:

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։

Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը։ Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր հալածվել էին Դիոկղետիանոս կայսեր կողմից և փախել արևելք։ Նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Կույսերը նախ երկրպագում են Քրիստոսի տնօրինական տեղերին (Պաղեստինի սուրբ վայրեր) և ապա Եդեսիայի վրայով անցնում Մեծ Հայք՝ հաստատվելով Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ՝ հնձաններում։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել:

Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն:

Posted in Պատմություն 9

Թեմա 9. Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. ա/ Տրդատ 3-րդի գահակալությունը

ՏՐԴԱՏ Գ ՄԵԾ ( կամ Տրդատ III), սուրբ Տրդատ (250-ական թթ. – մոտ 330), Հայոց Արշակունի արքա 287-ից: Հոր՝ Խոսրով Ա Մեծի (211–259) դավադր. սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ Անակ Պարթևի կողմից) մանկահասակ Տրդատին նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Կրթվել և դաստիարակվել է հռոմ. Արքունիքում ՝ Լիկիանեսի մոտ (313-ից՝ հռոմ. Արևելքի տիրակալ): Վայելել է կայսրեր Ավրելիանոսի, Տակիտոսի, Պրոբոսի և Կարոսի հովանավորությունը: Կատարելապես  տիրապետել է  լատիներենին, հունարենին, և ունենալով արտակարգ ուժ, աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ ու Հռոմեական կայսրության մղած պատերազմներում: Պարսից տերության դեմ Ավրելիանոսի հաղթական արշավանքին մասնակցած Տրդատը նշանակվել է Հռոմին ենթակա Արմ. Հայաստանի թագավոր (274–276): 287-ին Հռոմ. կայսր Դիոկղետիանոսը Տրդատին ճանաչել է Հայոց թագավոր: Վերջինս հռոմեական զորքերի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Նա կնության է առել Ալանաց թագավոր Աշխադարի դուստր Աշխենին և դրանով ալանների հետ կնքում է դաշնագիր՝ Տրդատ III-ն ավելի քան տասը տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասանյաններն  ստիպված հրաժարվել են  «Հայաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել  Տրդատ  III-ի գահակալումը: 

Վերականգնելով հայկական պետության անկախությունը՝ Տրդատ III-ն վերահաստատել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված  «Արտաշիսական» սահմանները, անցկացրել նոր   «աշխարհագիր», կարգավորել հարկային համակարգը ևն: Գահակալման առաջին տարիներին հոր և Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին: Սոսկալի չարչարանքների է ենթարկել  իրեն հավատարմորեն ծառայած, քրիստոնեության ջատագով Գրիգորին (Գրիգոր Ա Լուսավորիչ) և իմանալով, որ նա Անակ Պարթևի որդին է, հրամայել է գցել Խոր վիրապի մեջ: Ապա հրապարակելով հրովարտակ՝ կոչ է արել ջերմորեն պաշտել հայրենի աստվածներին, իսկ քրիստոնեության հետևողներին զրկել կյանքից ու գույքից: Մոտ 300-ին Տրդատ Գ-ի հրամանով Վաղարշապատի մերձակայքում նահատակվել են Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերը: Ըստ Ագաթանգեղոսի՝ ի տրիտուր այդ ամենի, թագավորն ու նախարարները պատժվել են  «Տիրոջ պատուհասով»: Արքան դիվահարվել է, դարձել խոզակերպ: Խոսրովիդուխտին (թագավորաքրոջը) երևացած տեսիլքի համաձայն՝ ընկնավորներին կարող էր բուժել միայն Արտաշատում  «կապյալ Գրիգորը»: Գրիգորը նախ աղոթքով կատարելաբար բուժել է նրան:

Ապաշխարած ու դարձի եկած թագավորի մեծագործություններից էր եռանդուն մասնակցությունը երեք վկայարանների և Էջմիածնի Մայր տաճարի կառուցմանը: Տրդատ Գ-ն,  հաշվի չնստելով «դաշնակից» Հռոմեական կայսրության տիրակալի հետ 301-ին պետական կրոն է հռչակել քրիստոնեությունը:

Մովսես Խորենացին Տրդատ Գ-ին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր, իսկ քրիստոնեությունը տարածելու և ամրապնդելու գործում առաջատար դերը վերապահել է նրան: Տրդատ Գ-ն իր արդյունաշատ գործունեությամբ պարարտ հող է նախապատրաստել գրերի գյուտի և հայ մատենագրության ստեղծման համար:

Posted in Պատմություն 9

Թեմա 8. Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.

1. Համեմատե՛ք Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը, դրանց արդյունքները:

Տիգրանակերտի ճակատամարտ
https://www.youtube.com/watch?v=l1_HqKoz_44

Տիգրանակաերտի ճակատամարտը տեղի է ունեցել հռոմեական և հայկական զորքերի միջև Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ, մ.թ.ա. 69-ին: Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել էր երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ իր 80 հազարանող բանակով: Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, հռոմեական 45 հազարանոց բանակը՝ Լուկուլլոսի հրամանատարությամբ, ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը: Տիգրան Բ Մեծը համախմբել է զորքերը և ընդառաջ ելել թշնամուն: Հայակական բանակի համար բարենպաստ չէին տեղանքի առաձնահատկւթյունները՝ դաշտային պայմանները: Մարտը սկսվել է առաջ քաշված հայակական հեծելազորի վրա հռոմեական հեծյալ ուժերի գրոհով: Միաժամանակ Լուկուլլոսը 3 լեգեոնով դուրս է եկել Հայոց բանակի թիկունքը և անսպասելի հարվածել անպատրաստ հետևակին՝ նրան մատնելով փախուստի: Հայոց բանակը պարտություն է կրել, Տիգրանակերտը նվաճվել և կողոպտվել է, Տիգրան Բ Մեծի Միջերկրածովյան տիրությունները անցել են Հռոմին: Չնայած հաղթանակին, ճակատամարտը չի կանխորոշել պատերազմի ելքը:

Արածանիի ճակատամարտ

Արածանիի ճակատամարտը տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ: Տիգրանակերտի ճակատամարտից հետո, վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը: Հայկական բանակը այս անգամ չգանց դաշտային ճակատամարտի և վարեց հանկարծակի հակագրոհներ ու լեռնային փոքր կռիվներ։ Հայկական զորքը բաժանված էր երկու մասի, մեկը ղեկավարում էր Տիգրան Բ Մեծը, մյուսը՝ Միհրդատ VI Պոնտացին: Հռոմեական լեգիոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել իրանց համար ձեռնտու վայրում: Սակայն հայկական հեծելազորը, Տիգրան Բ Մեծի առաջնորդուրյանբ, արագ երթով Արածանիի մոտ կանխեց հռոմեացիների առաջխաղացումը: Կողմերը մարտի բռնվեցին: Հայկական հեծելազորը նախ դիմեց խաբուսիկ փախուստի, բեկելով թշնամու մարտակարգը, ապա սկսեց հակագրոհը: Արածանիի ճակատամարտից հետո Լուկուլլոսի բանակի մնացորդները նահանջեցին։ Հռոմեական նվաճողներից ազատագրվեց ինչպես ամբողջ Հայաստանը, այնպես էլ Պոնտոսի թագավորության զգալի մասը:

2. Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը․ի՞նչ կորցրեց և ի՞նչ շահեց Հայաստանը

Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև մ.թ.ա 66 թվականին։ Այն պարունակում էր հետևյալ կետերը՝

  • Ավարտվում է հայ-հռոմեական պատերազմը։ Հայաստանը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»:
  • Հայաստանը հօգուտ Հռոմեական հանրապետության հրաժարվում էր Միջերկրական ծովի ափերից (Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից և Կիլիկիայից): Հայոց տերությունը սակայն պահպանում էր տերության միջուկը կազմող Մեծ Հայքի տարածքը:
  • Ծոփքն անջատվում էր Մեծ Հայքից և դառնում էր առանձին պետություն: Այստեղ թագավոր էր հաստատվում Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Բ-ի մահից հետո Մեծ Հայքն ու Ծոփքը դարձյալ միավորվելու էին մեկ պետության մեջ՝ Տիգրան Կրտսերի գահակալության ներքո:
  • Հայաստանը Հռոմին պետք է վճարեր 6 հազար տաղանդ ռազմատուգանք, մոտավորապես այդքան էլ արշավանքին մասնակցած զինվորներին և սպաներին: Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարաններից:

Արտաշատի պայմանագրից հատկապես դժգոհ մնաց Տիգրան Կրտսերը: Տենչալով Հայաստանի գահին՝ նա այժմ պետք է բավարարվեր ֆինանսական միջոցներից զրկված Ծոփքի գահով: Հասկանալով իր վիճակի անհեթեթությունը՝ Տիգրան Կրտսերն ընդվզեց Պոմպեոսի դեմ և վիրավորեց նրա արժանապատվությունը: Ի պատասխան նրա հանդուգն ելույթի՝ Պոմպեոսի կարգադրությամբ Տիգրան Կրտսերը ձերբակալվեց և ընտանիքի հետ գերեվարվեց Հռոմ:

Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր: Նա կարողացավ պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջությունը՝ հայոց հայրենիքը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Պահպանվեց Հայաստանի պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը: Ահա սա էր Արտաշատի պայմանագրի պատմական մեծ նշանակությունը: